Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, էներգակիրների և գազի գների ձևավորում, միգրացիոն ճգնաժամ, փոխարժեքային ռիսկեր՝ թեմաներով սկսվեց Տնտեսական լրագրողների ակումբի՝ «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքը փետրվարի 17-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով 90-ականներին, Հայաստանի ապագայի հարցերի քննարկման շրջանակներում՝ արձանագրեց. «Տնտեսագիտության մեջ կա երկու ճանապարհ՝ կամ գնում ես միայնակ, կամ դառնում ես որևէ միության անդամ: Միայնակ գնալու լավագույն օրինակ էր Կորեան, իսկ միության լավագույն օրինակ Եվրամիությունն էր կամ ԽՍՀՄ-ը, դեպի որը գնալու ցանկություն չկար: Բայց կար ԽՍՀՄ-ը վերականգնելու ցանկություն՝ պահելով միության անդամների անկախությունը, այդպես ստեղծվեց ԱՊՀ-ն, որը մինչև ԵԱՏՄ-ի ստեղծումը բավարարում էր անդամ երկրներին: Կային տնտեսական ընդհանուր խնդիրներ, որ երկրները լուծում էին ազատ առևտրի համաձայնագրերով և ԱՊՀ տնտեսական համաձայնագրերով՝ ԱԱՀ-ից ազատվելը, մաքսատուրքերի հարցերը: Երբ 90-ականներին քննարկվում էր Մաքսային միության հարցը, Հայաստանը այդ ծրագրից դուրս էր, որովհետև Մաքսային միությունը ընդհանուր սահմաններ ունենալն է, իսկ Հայաստանը սահմաններ չուներ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի հետ: Երբ Ռուսաստանը խնդիր դրեց Մաքսային միությունը մեծացնելու, կարևորագույն դեր ուներ ՈՒկրաինան, որ իր նշանակությամբ նախկին ԽՍՀՄ երկրներից շատ ավելին է, բայց ՈՒկրաինան էլ ընդգրկված էր ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում: Բոլորս լավ գիտենք ՈՒկրաինայի պատմությունն էլ, Վրաստանի պատմությունն էլ, երբ քաղաքական ու դիվանագիտական մեթոդները սպառվեցին, Ռուսաստանը սկսեց ուժային մեթոդներ կիրառել, որի հետևանքները ծանր են՝ և ՈՒկրաինայի, և Վրաստանի համար: Լինելով ազատական գաղափարներ կրող՝ մենք կողմ էինք, որ Հայաստանը անդամակցեր ԵԱՏՄ-ին, ելնելով ոչ թե տնտեսական շարժառիթներից, այլ՝ քաղաքական, որի նշանակությունը Հայաստանի համար շատ ավելի մեծ էր, քան տնտեսականը»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վահագն Խաչատրյանը նույն օրը ներկայացրեց նաև հետաքրքիր տեսակետ՝ ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում միջին խավը: Բացի տնտեսագիտական հիմնավորումներից՝ կա նաև քաղաքականը. «Քաղաքական ընդդիմությունն այսօր հնարավորություններ ունի, բայց նաև չունի, որի պատճառը նույն մրցակցության բացակայությունն է: Ի վերջո քաղաքականությունը նշանակում է ֆինանսներ, որի մատչելիությունը իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերի համար զրո է: Դա եղել է մտածված քաղաքականություն, որովհետև ընդդիմության ֆինանսավորողը պետք է լինի խոշոր, միջին ու փոքր բիզնեսը: Միջին բիզնեսին զրկել են այդ հնարավորությունից, մեզ մոտ փոքր ու միջին բիզնես չկա: Փոքր ու միջին բիզնեսը վճարում է առավելագույնը 15 միլիարդ դրամ հարկ, պետության աչքը նրա վրա է, չի ուզում մոռանալ, որ նրանք գոյություն ունեն, շնորհակալություն հայտնելու փոխարեն, որ կան, աշխատատեղեր են ստեղծում: Եթե պետությունը չի ուզում նրանց հանգիստ թողնել, նշանակում է՝ կա այդ խավը վերացնելու քաղաքականություն, եթե այդ խավը չկա, Հայաստանի քաղաքական դաշտում մրցակցությունը մոտենում է զրոյի: Եթե դուք ընդդիմություն եք, զարտուղի ճանապարհներով, օրենքից դուրս պիտի գտնեք ձեր ֆինանսավորման միջոցները»: Տարբերակ է, չէ՞, թե ինչու է պետությունը վարում հարկային խտրական քաղաքականություն խոշոր բիզնեսի, որ անձեռնմխելի է ու իր հարկերը ընտրովի է վճարում և մնացած բիզնեսի նկատմամբ՝ մտածելով ու հնարելով նորանոր հարկեր: Կարո՞ղ է Հայաստանն ընդհանրապես փոքր ու միջին բիզնեսին հարկերից որոշակի ժամանակով ազատել՝ նրանց զարգացման ու աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալով՝ ինչպես անում են այլ երկրներ: Եթե ոչ, տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական պատճառներով: